Գործուղում Չինաստանի Հանրապետություն

2023թ․ մարտի 15-ից մարտի 22-ը «Տեսալուսանկարահանող համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի (Կազմակերպության) տնօրենը Hisense ընկերության հրավերով Երևանի քաղաքապետարանի գործընկերների հետ այցելել է Չինաստանի հանրապետության Ցինդաո քաղաք։ Այցելության նպատակն է եղել ծանոթանալ Ցինդաո քաղաքում գործող՝ անվտանգ ճանապարհային երթևեկություն, անվտանգ քաղաք և խելացի քաղաք համակարգերին, որոնք ստեղծել և սպասարկում է Hisense ընկերությունը։ Մարտի 16-ին պատվիրակությունն այցելել է խելացի դիսպետչերական կենտրոն, այնուհետև Չենգյան շրջանի հանրային անվտանգության բյուրոյի անվտանգ քաղաք՝ համակարգին ծանոթանալու նպատակով։ Hisense ընկերության ներկայացուցիչները ցուցադրել են արհեստական բանականության հիման վրա գործող ծրագրային ապահովման համակարգի հիմնական առավելությունները։ Մասնավորապես, համակարգը հնարավորություն է ընձեռում առանց մարդկային ռեսուրսների վերլուծելու հազարավոր տեսախցիկների կողմից գեներացված տեղեկատվությունը։ Բացի մարդկանց ճանաչելուց, համակարգը ուսումնասիրում է մարդու վարքագիծը, արտասովոր գործողությունների դեպքում օպերատորների ուշադրությանն է հրավիրում վերջինիս։ Համակարգը նաև հնարավորություն է ընձեռում իրականացնել զանազան հարցումներ անձանց վերաբերյալ՝ ըստ հասակի, հագուստի ձևի, գույնի, քայլվածքի։ Հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ տվյալները համակարգ մուտքագրվելուց հետո, վերջինս անմիջապես ահազանգում է տեսադաշտում հայտնվելու դեպքում։
Պատվիրակությունն այցելել է նաև Ճանապարհային ոստիկանություն և ուսումնասիրել բրիգադի Չենգյան շրջանում գործող Smart Traffic Project-ը, այնուհետև՝ Qingdao Expressway Management Office-ի արագընթաց մայրուղու համակարգը։
Հատկանշական է, որ Ցինդաո քաղաքում գործող ամբողջ տրանսպորտային ցանցն ապահովված է տեսախցիկներով, որոնց կողմից հավաքագրած տեղեկատվությունը վերլուծվում է հատուկ ծրագրի միջոցով։ Հատուկ ծրագիրն արձանագրում է խախտումները, կազմում արձանագրություն, ուղարկում հասցեատերերին և հետևում վճարումների իրականացմանը։ Բացի վերոգրյալից, համակարգը հագեցած է փնտրման համակարգով։ Այսինքն, անհրաժեշտության դեպքում, համակարգին տրվում են գույնի, տրանսպորտային միջոցի տիպի, մոդելի, մակնիշի մոտավոր վայրերի վերաբերյալ տեղեկատվություն և համակարգը ներկայացնում է արդյունքները։ Բացի այդ, տպավորիչ էր համակարգի կանխարգելիչ գործողությունների համակարգը։ Համակարգը, նկատելով տարօրինակ վարքագծով երթևեկող տրանսպորտային միջոցի, անմիջապես ազդանշան է հաղորդում օպերատորներին, որոնք էլ իրենց հերթին տեղեկատվությունը փոխանցում են հերթապահ ոստիկաններին, որոնք իրականացնում են ստուգողական աշխատանքներ։
Մարտի 18-ին պատվիրակությունն այցելել է Խելացի տրանսպորտային ճարտարագիտական տեխնոլոգիաների հետազոտական կենտրոն և ծանոթացել քաղաքային խելացի ենթակառուցվածքի գործող մոդելին։ Համակարգը հագեցած էր բազմաթիվ գործիքներով։ Մասնավորապես՝
1․ Լուսացույցերի ավտոմատ կառավարում և խցանումների կարգավորում
2․ Խափանումների վերաբերյալ տեղեկատվության փոխանցում
3․ Տրանսպորտային հոսքի վերաբերյալ վերլուծական տեղեկատվություն
4․ Հոսքերի թեթևացման նպատակով նոր ենթակառուցվածքների նախագծման աջակցության գործիք և այլն
Հյուրընկալող կողմի հետ քննարկվել են Hisense ընկերության կողմից Երևան քաղաքում համանման նախագծերի իրագործման հնարավոր հարցեր։
22 Մարտի 2023, Չորեքշաբթի